Ծրագրեր

ՎԵՐԵԼՔ կուսակցության առաջնահերթություններից է պետության անվտանգությունը, որի գրավականը կդառնա նոր սերնդի արմատապես վերակազմավորված և վերազինված բանակը։ Բանակը հասարակության հայելային արտապատկերումն է: Ստեղծելով կարգապահ և պրոֆեսիոնալ բանակ, որն ունակ կլինի մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում՝ մենք հնարավորություն կունենանք դիմակայել պետական և ազգային անվտանգությանն ուղղված գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:

Պետության անվտանգության, քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացի գրավականը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական կառույցների կայուն զարգացումն է։

Պետականաշինության բարեփոխումներում կարևորում ենք Հայաստան-Սփյուռք համագործակցության շարունակական զարգացումն ու արդյունավետացումը։ Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ձևավորել խորհրդարանի բոլորովին նոր ձևաչափ։ Մենք՝ որպես ՀԱՅՐԵՆԻՔ մեր ներդրումը պետք է ունենանք Սփյուռքի մեր եղբայրների ազգային ինքնության պահպանման և համահայկական շահերի պաշտպանության գործում։

Հայաստանի տնտեսության հիմնական բաղադրիչը պետք է լինի արդյունաբերությունը, գիտարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական արտահանումը, էներգետիկան, ինչպես նաև տուրիզմի զարգացումը։ Բանկային համակարգում նախատեսում ենք կիրառել համաշխարհային փորձը, որը կնպաստի Հայաստանի տնտեսության արագ զարգացմանը: Պետության դերակատարությունը տնտեսական հարաբերություններում պետք է լինի որոշիչ և վճռական` կարգավորման և առանցքային` շուկաների հայթայթման և հաղորդակցության ուղիների անխափան գործունեության առումով։

Ցանկացած տնտեսական կարգի խնդիրն է հասարակության բարեկեցության ապահովումը։ Քաղաքական ոչ արդյունավետ որոշումները շարունակում են հանգեցնել ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացմանը, արտագաղթի ավելացմանը և սոցիալական շերտերի խիստ բևեռացմանը։ Տնտեսական և սոցիալական ոլորտները սերտորեն փոխկապակցված են։ Մենք վարելու ենք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որն ապահովելու է սոցիալական արդարություն, համերաշխություն և բարեկեցություն։

Պետք է հաստատել պետական քաղաքականություն, որը վեր կլինի քաղաքացու կուսակցական պատկանելիությունից, հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր պրոֆեսիոնալ կարողություններն ի նպաստ բերել պետականությանը և ազգաբնակչության բարեկեցությանը:

Կրթական, պետական ազգային գաղափարախոսական և այլ համակարգերում պետք է ամրապնդել մայրության և հայրության ինստիտուտի հեղինակությունը և կին կամ տղամարդ լինելու ի բնե կանխորոշվածության կարևորության գիտակցումը: Ազգային արժանապատվության գիտակցումը յուրաքանչյուրի գերնպատակը պետք է լինի:

Հայ Առաքելական Եկեղեցին և Հայոց լեզուն ունեն իրենց առանձնահատուկ նշանակությունն ազգային անվտանգության տեսանկյունից: Մենք ընդունում ենք հայ ժողովրդի հոգևոր և աշխարհիկ կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ ներդրումն ու վաստակը և մտադիր ենք ըստ ամենայնի աջակցել նրան` Հայ Առաքելական եկեղեցին համարելով հայ ժողովրդի անվտանգության, հոգևոր սնուցման և կրոնական դաստիարակության միակ և անփոխարինելի հաստատությունը։ Հայոց լեզվի անաղարտության պահպանումն ու զարգացումը պետության և յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է։

Առողջապահական բարեփոխումները պետք է նպաստեն համակարգի տեխնիկական արդիականացմանը, հմուտ մասնագիտական կազմի ձևավորմանը և մատուցվող ծառայությունների որակի հավասարությանը հասարակության բացառապես բոլոր շերտերի ներկայացուցիչների համար։

Կրթության և գիտության բնագավառում մեր տեսլականն է իրականացնել քաղաքականություն բոլոր մարդկանց իրավահավասարության սկզբունքով հաշվի առնելով նրանց մասնագիտական հակումների և ընդունակությունների տարբերությունը: Մենք ներդնելու ենք մասնագիտության ընտրության գծով խորհրդատվությունների, աշխատաշուկայի պահանջով պայմանավորված մասնագիտությունների շրջանակի վերլուծության և մասնագետ-աշխատաշուկա փոխհամագործակցության առավել սերտ համակարգ։

Մշակույթի և արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի մշակութային կյանքում քաղաքացիների (մասնավորապես՝ երեխաների, պատանիների և երիտասարդների) առավել լայն ընդգրկմանը: Մենք ստեղծելու ենք պետություն, որը կստանձնի մշակույթի ոլորտի երևելիներին միջազգային ճանաչման հասցնելու պատասխանատվությունը, նրանց ստեղծագործությունները շուկա հանելու, եկամտաբեր դարձնելու նախաձեռնությունը:

Դաստիարակված քաղաքացի պատրաստելու համար մենք ձեռնարկելու ենք այնպիսի քայլեր, ինչի արդյունքում կունենանք մտավոր, ֆիզիկապես և հոգեպես կայուն երիտասարդ։ Այս նպատակով նախատեսում ենք վերակառուցել կրթության և դաստիարակության այնպիսի համակարգ, որտեղ իրենց պատասխանատվության չափաբաժինը կունենան ընտանիքը, նախակրթարանը, դպրոցը և բուհը։